Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Թրամփը մերօրյա Շեյխանն է, անհայտ է միայն, թե ով է լինելու Մաուգլին և կամ, ընդհանրապես, լինելո՞ւ է

Թրամփը մերօրյա Շեյխանն է, անհայտ է միայն, թե ով է լինելու Մաուգլին և կամ, ընդհանրապես, լինելո՞ւ է
17.01.2026 | 13:16

Արդեն իսկ պարզ է, որ միջազգային իրավունքի վրա թքած ու դրան հետևելուց հրապարակայնորեն հրաժարված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կերպարը համապատասխանում է Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլի. Ջունգլիի գիրքը» աշխարհահռչակ ստեղծագործությունից հայտնի «Շեյխան» անունով վագրի կերպարին, որը ջունգլիներում հաստատել էր իր օրենքը՝ ջունգլիների օրենքը, ուժի օրենքը և ուժի իրավունքը: Անհայտ է միայն, թե ով է լինելու մերօրյա Շեյխանին վերջում սատկացնողը, և կամ, ընդհանրապես, լինելո՞ւ է… ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կամ մեկ ուրիշը լինելո՞ւ է Մաուգլին…

ԱՄՆ-ը չի բացառում Իրանի դեմ որևէ գործողություն. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ու հայտարարելով, որ Թրամփը պատրաստ է Իրանի դեմ ցանկացած գործողության, և որ իր երկիրը քննարկման փուլում է պահում Իրանի նկատմամբ գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները, «Московский комсомолец»-ի տեղեկացմամբ, ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «գործողության մարդ» է և հստակ հասկացրել է, որ բռնությունները դադարեցնելու համար բոլոր միջոցները մնում են զինանոցում, և Իրանի ղեկավարությունը պետք է գիտակցի դա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ հնարավոր բոլոր գործողությունները. այս մասին, «Коммерсантъ»–ի տեղեկացմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը:

«Նա (Թրամփը.- «Коммерсантъ») պարզ հասկացրել է, որ սպանդը դադարեցնելու համար բոլոր տարբերակները մնում են «սեղանին», և իրանական վարչակարգի ղեկավարությունը պետք է դա ավելի լավ հասկանա, քան որևէ մեկը»,- հայտարարել է Ուոլցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը չնայած հայտարարել է երկխոսության պատրաստակամության մասին, Թեհրանի գործողություններն այլ բան են ասում:

Իրանում դեկտեմբերի վերջից շարունակվող ցույցերը, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, արդեն հանգեցրել են 2500-ից 3400 մարդու մահվան, ինչը, սակայն, ծանոթ լինելով այդ իրավապաշտպան կոչված և առավելապես Արևմուտքում գտնվող կազմակերպությունների նպատակներին ու գործելաոճին, չենք բացառում, որ խիստ չափազանցված, ուռճացված տեղեկություն է:

Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իսլամական Հանրապետության դեմ, եթե երկրի իշխանությունները շարունակեն սպանել ցուցարարներին: Ավելի ուշ նախագահը հայտարարել է, որ սպանություններն Իրանում դադարել են, սակայն չի ասել, թե Վաշինգտոնն, արդյոք, հրաժարվե՞լ է Իրանի դեմ ռազմական ծրագրերից: Ուոլցի վերոնշյալ հայտարարություններից (և ոչ միայն…) պարզ է արդեն, որ չի հրաժարվել:

Թրամփն ամերիկացիներին դեռ 3 օր առաջ է կոչ արել լքել Իրանը

ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին չի բացատրել, թե ինչ նկատի ուներ «օգնությունն արդեն ճանապարհին է» ասելով՝ դիմելով Իրանի ցուցարարներին: Մինչ այդ նա չէր բացառել, որ ԱՄՆ-ն բողոքի ցույցերի ֆոնին հարվածներ կհասցնի Իրանին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է դիտարկեն Իրանից տարհանման հնարավորությունը. Այս մասին, РБК-ի փոխանցմամբ , հաղորդել է CNN-ը:

«Ես կասեի, որ հեռանալը վատ գաղափար չէ»,- հայտարարել Է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ- ի կամ ԱՄՆ- ի դաշնակից երկրների քաղաքացիներն արդյոք պե՞տք է լքեն Իրանը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի իշխանությունների հետ բոլոր հանդիպումները «այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել ցուցարարների անիմաստ սպանությունները», և կոչ էր արել ցուցարարներին գրավել պետական հաստատությունները:

«Օգնությունն արդեն ճանապարհին է։ Դարձնել Իրանը կրկին մեծ»,- ասել է նա իր սոցիալական ցանցում՝ «Truth Social»-ում:

ԱՄՆ-ի առաջնորդը մինչ այդ չէր բացառել, որ բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Իրանին: Լրագրողների հարցին, թե ինչ նկատի ուներ «օգնությունն արդեն ճանապարհին է» ասելով, հանրապետականը պատասխանել է. «Կներեք, ձեզ հարկ կլինի ինքներդ դա պարզել»:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունվարի 12-ին ամերիկացիներին կոչ է արել լքել Իրանը բողոքի ցույցերի, համացանցի հասանելիության սահմանափակման և հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին:

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին բողոքի ակցիաներին մասնակցության մեջ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անթույլատրելի է համարել Իրանի տարածքին հարվածներ հասցնելու Վաշինգտոնի սպառնալիքները և նախազգուշացրել է «Մերձավոր և Միջին Արևելքում իրավիճակի, ինչպես նաև գլոբալ միջազգային անվտանգության համար նման գործողությունների վնասակար հետևանքների մասին»:

Լրագրողներին դժվար չէր հետևել Թրամփի խորհրդին ու պարզել, որ, իսկապես, «օգնությունն արդեն ճանապարհին է»…

ԱՄՆ-ն ավիակիր խմբավորում է տեղափոխում Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ռազմական ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին հարվածելու հնարավորության քննարկման ֆոնին. այս մասին, «Известия»-ի փոխանցմամբ, հունվարի 15-ին, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է «Fox News» հեռուստաալիքը։

«Ամերիկյան ռազմական ուժերն ու միջոցները տեղափոխվում են Մերձավոր Արևելք»,- նշված է X սոցցանցում հրապարակված «Fox News»-ի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ այնտեղ, վկայակոչելով զինվորականներին, ավելացրել են, որ տարածաշրջան են ուղարկվում առնվազն մեկ ավիակիր հարվածային խումբ, ինչպես նաև օդային, ցամաքային և ծովային բազավորման լրացուցիչ ուժեր:

«Սպասվում է, որ ԱՄՆ- ի ռազմական ուժերն ու միջոցները օդից, ցամաքից ու ծովից տարածաշրջան կհասնեն առաջիկա օրերին և շաբաթներին»,- նշված է հրապարակման մեջ:

Տեղեկացվում է նաև, որ այդ միջոցներն ուղղված են նրան, որպեսզի ԱՄՆ-ի նախագահին օպերատիվ ռազմական հնարավորություններ տրամադրվեն Իրանին հարվածներ հասցնելու մասին որոշում կայացնելու դեպքում:

NBC հեռուստաալիքը հունվարի 15-ին հայտնել է, որ Թրամփը դիտարկում է Իրանին կարճաժամկետ ու վճռական ռազմական հարված հասցնելու հնարավորությունը՝ առանց հակամարտությունը ձգձգվողի գերաճելու: ԱՄՆ-ի առաջնորդի շրջապատում հնչել են մտահոգություններ Թեհրանի հնարավոր պատասխանը հետ մղելու ԱՄՆ-ի պատրաստականության վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանում ռեսուրսների սահմանափակության պատճառով: Եվ, այնուհանդերձ, ԱՄՆ-ը սկսել է ավիակիր խմբավորման, ռազմական ավիացիայի և ռազմանավերի տեղափոխումը Մերձավոր Արևելք Իրանի շուրջ իր սպառնալիքների ֆոնին։

ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը, Life.ru-ի փոխանցմամբ, պատրաստում է խմբավորման մասշտաբային տեղակայում, ինչը պետք է Թրամփին գործողությունների մի քանի սցենար տրամադրի, այդ թվում՝ Իրանին հարվածներ հասցնելու որոշում կայացնելու դեպքում: Ըստ հրապարակման, ուժերի տեղափոխումը կարող է տևել առնվազն մեկ շաբաթ: Նահանգները զուգահեռաբար ուժեղացնում է իր ռազմաբազաների և Իսրայելի պաշտպանությունը՝ տարածաշրջան տեղափոխելով հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համակարգեր:

Ավելի վաղ ամերիկացի ռազմական վերլուծաբանները, «Комсомольская правда»-ի տեղեկացմամբ, հնարավոր էին համարել, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին «Tomahawk» թևավոր հրթիռների կիրառմամբ: Հաղորդվել է, որ ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունն այս դեպքում կարող է գործի դնել Մերձավոր Արևելքում գտնվող ականակիրները, ինչպես նաև մարտական ավիացիան՝ կործանիչները և ռազմավարական ռմբակոծիչները:

Թրամփը նախազգուշացում է ստացել Իրանին զանգվածային հարված հասցնելու ռիսկերի մասին

Իրանին ամերիկյան հարվածի հետաձգման առնչությամբ տարբեր վարկածներ են շրջանառվում: «The New York Times» թերթը երեկ հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հունվարի 14-ին Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան խնդրել է հետաձգել Իրանի վրա հարձակումը: Եթե դա իրոք այդպես է, ապա միանգամայն հասկանալի է, որ Նաթանյահուի այդ խնդրանքը պայմանավորված է ոչ թե Իրանի հանդեպ սիրով և այդ երկրին ամերիկյան հարվածը թույլ չտալու ցանկությամբ, այլ միայն դրա կարճաժամկետ հետաձգմամբ, որպեսզի մինչ այդ իր հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը համալրի նոր միջոցներով ու պատրաստ լինի Իրանի պատասխան գործողություններին: Սպիտակ տանը չեն բացահայտել, թե Նաթանյահուն իրո՞ք խնդրել է հետաձգել Իրանի վրա հարձակումը, սակայն հաստատել են ամերիկյան առաջնորդի ու նրան հեռախոսազրույցի փաստը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, «Московский комсомолец»-ի փոխանցմամբ, խորհրդականներից նախազգուշացում է ստացել, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական հարվածը, հավանաբար, չի հանգեցնի երկրում իշխանափոխության և, ընդհակառակը, կարող է ավելի լայն հակամարտություն հրահրել:

Ինչպես հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի աղբյուրներին, ավելի սահմանափակ ու կետային հարձակումները նույնպես դիտարկվում են որպես արդյունավետ գործիք՝ Թեհրանում խռովությունների ճնշման առումով իշխանության քաղաքականության փոփոխության համար:

Թրամփն իբրև թե վերջնական որոշում չկայացնելով, կարգադրել է ապահովել ռազմական ռեսուրսների առկայությունը, եթե, այնուամենայնիվ, լայնածավալ գործողության հրաման տա:

«ԱՄՆ-ի պաշտոնյաները և Մերձավոր Արևելքի գործընկերները Սպիտակ տանը հայտնել են, որ զանգվածային ռմբակոծությունը, ընդհակառակը, կարող է ավելի լայն հակամարտություն հրահրել»,- «The Wall Street Journal»-ին հղում կատարելով, գրել է «Аргументы и факты»-ին:

Ինչպես այսօր առավոտյան հայտնել է իրանցի միջազգային լրագրող Հայալ Մուազզին իր Իրանցի լրագրողի օրագիր տելեգրամյան ալիքում , իսրայելական «Channel 14» հեռուստաալիքի մեկնաբան Թամիր Մորագը, մեկնաբանելով ամերիկյան հարվածի հետաձգման պատճառները, հայտարարել է.

«Կարծես թե Թրամփն արդեն որոշում է կայացրել, և եթե նույնիսկ հարվածը հետաձգվի մի քանի օրով, այն, միևնույն է, կկայանա։

Հետաձգման պատճառներից մեկը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև լուրջ տարաձայնություններն են. Քաթարը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան Վաշինգտոնին տեղեկացրել են, որ թույլ չեն տա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին թռչել իրենց տարածքում գտնվող բազաներից»:

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան, Քաթարը և Օմանը փորձում են համոզել Թրամփին չհարվածել Իրանին:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ